BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Իսկ որտե՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը

Իսկ որտե՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը
06.10.2013 | 16:25

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, իհարկե, օդանավակայանում դիմավորողների պակաս չզգացվեց: Այն բանից հետո, երբ նա հանդգնեց ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին հարց ուղղել կազինոներում 70 մլն եվրո գումար տանուլ տալու մասին, երիտհանրապետականները պատրաստվում էին ԱԺ պատգամավորին լոլիկներով ու ձվերով դիմավորել, իսկ նրա համակիրներն էլ մտմտում էին այդ ամենը կանխելու մասին: Երիտհանրապետականները չհասան օդանավակայան, Զարուհուն դիմավորեցին միայն իր համակիրները, ամեն ինչ անցավ բարեհաջող: Կադրերում, սակայն, որքան էլ փնտրեցինք, այդպես էլ չգտանք «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: Իհարկե, Զարուհուն դիմավորողների մեջ բացակայում էին նաև շատ հայտնի այլ «ժառանգականներ»: Անահիտ Բախշյանն, օրինակ, հայտնել էր, որ օդանավակայան չի կարող գնալ, քանի որ այդ օրը մասնակցելու էր իր աշակերտուհու հարսանեկան արարողությանը, Ստեփան Սաֆարյանը բացակայում էր Հայաստանից: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը հասցրել էր մինչ այդ հարցազրույց տալ ԶԼՄ-ներին և հայտնել, որ Զարուհի Փոստանջյանը կայացած քաղաքական գործիչ է, և ինքն էլ հպարտանում է նրանով: Բայց եթե հպարտանում է, ինչու՞ չէր այդ դեպքում գնացել իր հպարտությունն օդանավակայանում արտահայտելու:

Սկզբում լուրեր տարածեցին, որ Զարուհու հարցը անակնկալ է եղել նաև իր կուսակցական ընկերների համար և սպասում են նրա վերադարձին՝ այդ հարցը քննարկելու համար: Հետո էլ գրեցին, որ իբր հարցը համաձայնեցված է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Էականը, սակայն, սա չէ: Էականն այն է, թե ինչպես է վարվելու Րաֆֆի Հովհաննիսյանը այսուհետ: Չէ՞ որ Րաֆֆի Հովհաննիսյանը քանիցս ապացուցել է, թե որքան անկանխատեսելի գործիչ է ինքը: Մերթ ԱԺ պատգամավորի մանդատից է հրաժարվել, հետո՝ փոշմանել, մերթ՝ կուսակցության ղեկավարի պաշտոնից է հրաժարվել, հետո՝ փոշմանել: Իսկ որ իր անկանխատեսելիությունը նա ապացուցել է նաև մեկ տարի առաջ՝ խորհրդարան տանելով «Ժառանգություն» կուսակցության հետ կապ չունեցող մարդկանց՝ փոխարենը դուրս թողնելով այդ կուսակցության հայտնի գործիչներին՝ Արմեն Մարտիրոսյանին, Ստեփան Սաֆարյանին ու Անահիտ Բախշյանին, այլևս նորություն չէ: Չմոռանանք, որ ժամանակին նա հպարտանում էր նաև այս գործիչներով: Նույնիսկ կուսակցության մեջ նրանց առաջատար դիրքեր էր վստահել:

Սպասենք ու տեսնենք, թե ինչ կարժենա այս մի «հպարտությունը»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ